ԱՐՎԵՍՏԱՑ ԴՊՐՈՑ



Բարի գալուստ դպրոց, որը ստեղծված է հնարավորություններ ընձեռելու ու մանկությունը գունազարդելու համար, դպրոց, ուր ուսուցումն ու արվեստը միավորվել են՝ հասանելի դառնալով բոլորին, դպրոց, ուր երևակայությունն ու նոր գաղափարները խրախուսվում են, իսկ փորձառու և հոգատար աշխատակազմը ջանք չի խնայում յուրաքանչյուրի ներուժը բացահայտելու, հմտություններն ու տաղանդները զարգացնելու համար։

Բարի գալուստ դպրոց, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կարող է զգալ լիարժեք, ինքնադրսևորված, պաշտպանված, ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակից:


Այստեղ, սիրո ու ջերմության մթնոլորտում, ստեղծագործելն ուղղակի հաճույք է, իսկ կրթության անհատական մոտեցումը կօգնի յուրաքանչյուրին բացահայտել կարողություններ ու զարգացնել դրանք` ընտրելով մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղին։ Մեզ մոտ ստեղծված պայմանները և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը նպաստում են երեխայի գեղագիտական ճաշակի, ստեղծագործ մտքի, աշխարհայացքի զարգացմանը:
Դպրոցի Նկարչության, Խեցեգործության, Ազգային խոհանոցի, Գորգագործության ու կարպետագործության, Երգչախմբի և վոկալի դասարաններում ուսուցումը համեմված է խաղերով և ինտերակտիվ վարժություններով, վարպետության դասերով ու զանազան մշակութային միջոցառումներով։


Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անհատականությունն ու ինքնատիպությունը, նպաստում յուրաքանչյուր երեխայի ինքնադրսևորմանը: Մենք հավատում ենք, որ մեր երկրի հզորացման, բարօրության, մեր պայծառ գալիքի համար պետք է այսօրվանից սկսել ձևավորել կիրթ, իրազեկ, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացիներ ու հավատում ենք, որ կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի։

Բարի գալուստ Հայ Միասնության Խաչի Արվեստաց Դպրոց